Ֆուտբոլի աշխարհի առաջնության եվրոպական դիվիզիոնի խմբային փուլի ուրբաթ կայացած խաղերը չտվեցին բոլոր հարցերի պատասխանները` ինտրիգի մի զգալի մաս թողնելով այսօրվան: Դե ինչ, դրանից ֆուտբոլասերը, բնականաբար, չտուժեց, որովհետև որքան շատ լարվածություն, այնքան ավելի շատ սպասված օր:
Մեր խմբում, որը B-ն է կամ երկրորդը, կատաղի պայքարի պակաս չկար: Այստեղ հնարավոր միջանցիկ խաղի շանս ընձեռող երկրորդ տեղի համար ամենալավ հնարավորությունը պահպանում էր տասներեք միավոր ունեցող Բուլղարիայի ընտրանին, որը, ապագային լավատեսորեն նայելու համար, որպես սկիզբ ու ընթացք, դեռ պիտի կարողանար հաղթահարել մեր ընտրանու արգելքը:
Մի քանի անգամ առիթ եմ ունեցել ասելու, որ պատմության փայ-բաժինը, ի վերջո, վիճակագրությունն է, իսկ եղածի զգայական կողմն ապրում է այնքան, քանի դեռ կան ականատեսները: Իհարկե, այստեղ էլ շատ ավելի կարևորվում է այն, թե այդ ականատեսներն ուզո՞ւմ են հիշել ականատեսածը (զգուշացնեմ, որ բառաստեղծման հայտ չեմ ներկայացնում): ՈՒրբաթ օրվա համընդհանուր ցնծության կամ որպես այդպիսին ներկայացվողի մեջ չեմ կարծում, թե կար ողջամիտ մեկը, ում սիրտն իսկապես շոյեց մեր ընտրանու խաղը, թեպետ այն շահել ենք բոլորիս քաջ հայտնի 2:1 հաշվով, ու մեր երկու գոլն էլ իսկապես սիրուն են եղել: Հիմա ուզում է դուրներդ գա, ուզում է` ոչ, չեմ կարող չհիշել հայտնի անեկդոտը, որտեղ «Վալոդն էստե՞ղ է ապրում» հարցին պատասխանվում է. «Էստեղ` էստեղ է ապրում, բայց դա ապրել է՞, որ ապրում է»: Ինչ ասել կուզեմ` դա ֆուտբոլ է՞ր, որ բերան եք բացել տալիս: Ես լավ հասկանում եմ, որ կգտնվեն մի քանի անուշ-պուպուշ տղերք, ովքեր կջանան պապից ավելի պապական լինել, բայց դե ամեն ինչին վերջապես չափ ու սահման կա՞, թե՞ չէ. մազ էր մնացել, որ տասնմեկ հոգով իննի առաջ պախարակվեինք: Չի՛ կարելի, չէ՞: Դե հիմա ո՞նց շուռ չգաս ու ձեն չտաս սարերին ու քարերին, հանդերին ու դաշտերին, լեռներին ու ձորերին` կանչելով.
-Հե՜յ վախ, «Արարատ» ջան, բա դու մեզ էսպես ինֆարկտահար էիր անո՞ւմ, մեզ էապես աղում, մաղում, ընկնավոր էիր անո՞ւմ (էստեղ առիթն օգտագործեմ ու մեր երազանքների թիմի տղաներին, բոլորիս շնորհավորեմ 1973 թ. ոսկեբյուրեղյա հաղթանակի քառասնամյակի կապակցությամբ ու լավատեսորեն հույսեր փայփայեմ, որ մի էդքան էլ չենք սպասի մեր մյուս արարատվելուն):
Ինչ վերաբերում է խմբի մյուս հանդիպումներին, չեխերը հյուրընկալվելիս հաղթեցին Մալթային (4:1), դանիացիները քիչ էր մնացել ամոթով թողնեին Բրազիլիայի տոմսերն արդեն գրպանում ունեցող իտալացիներին (2:2): Սակայն ողջ հարցն այն է, որ որքան էլ պատվավոր է ներկայանում երկրորդ տեղը գրավելը, մեր խմբինը, որքան մեզ հայտնի է, դառնում է իննյակի «թույլ օղակը» և չի մտնում երկրորդ տեղը գրավածների լավագույն ութնյակ, որից էլ միջանցիկ խաղերի արդյունքով կորոշվի Բրազիլիա գնացող երջանիկ քառյակը: Ահա թե ինչու էին բուլղարացիներին հաղթելու համար թուրքերը ոտուձեռ ընկած շնորհակալություն հայտնում Հայաստանի ընտրանուն:
Մեկ որ խոսեցինք թուրքերից, միանգամից դառնանք D խմբին, որտեղ իրենց հարցերը վաղօրոք լուծած հոլանդացիներն անասելի դաժան եղան հունգարացիների նկատմամբ` հաղթելով 8:1 հաշվով: Սույն պատեհությունը, բնականաբար, ձեռքներից բաց չթողեցին Թուրքիայի ու Ռումինիայի ընտրանիները` համապատասխանաբար հաղթանակի հասնելով Էստոնիայի (2։0) ու Անդորրայի (4։0) նկատմամբ ու միանգամից փայլուն հնարավորություն ստանալով պայքարելու բաղձալի երկրորդ տեղի համար: Սակայն այդ բաղձալին այնքան էլ անամպ չէ մասնավորապես թուրքերի համար, որքան էլ որ խաղալու են սեփական հարկի տակ, չէ՞ որ մրցակիցը լինելու է Հոլանդիայի ընտրանին, որը դժվար թե կոտրած լինի գոլ խփելու պապակը: Այս հենքի վրա համեմատաբար շահեկան է ներկայանում ռումինացիների շանսը, ովքեր մրցելու են անդորրացիների հետ: Ասենք առանձնապես մի անհուսալի վիճակ չէ և հունգարացիների համար, որոնց մրցակիցները լինելու են էստոնացիները: Ինչևէ, սպասենք հանգուցալուծումների:
A խմբում Բելգիայի ընտրանին որոշեց Բրազիլիա գնալու հարցը չթողնել վերջին խաղին, ու թեպետ հորվաթների հետ արտագնա հանդիպումում նրան լիովին բավարարում էր անգամ մեկ միավորը, չբավարարվեց դրանով, այլ վերցրեց ու հաղթեց հիմնական մրցակցին (2:1)` ՈՒելսի հետ այսօր սպասվելիք հանդիպումը վերածելով ոչինչ չասողի: Ինչ վերաբերում է հորվաթներին, նրանց մնում է պարզել միջանցիկ խաղի մրցակցի ով լինելը, որից հետո նոր կերևա` Բրազիլիան երազա՞նք է, թե՞ ռեալ իրականություն:
C խմբում մրցավազքն առաջին տեղով ավարտելու համար Գերմանիայի ընտրանուն, ինչպես գիտեք, նույնպես լիովին բավարարում էր մեկ միավորը, սակայն իռլանդացիները մրցակիցների տարրական ներողամտությանն էլ չարժանացան: Համենայն դեպս 0։3 հաշվով պարտությունն այդ մասին է խոսում: Ինչ վերաբերում է շվեդներին, իրենց համար առանցքային խաղում նրանք 2:1 հաշվով առավելության հասան ավստրիացիների նկատմամբ ու ձեռք բերեցին միջանցիկ խաղ անցկացնելու հնարավորությունը:
Լյուքսեմբուրգցիների հետ խաղից հետո F խմբում հանդես եկող ու քսանմեկ միավոր ունեցող ռուսները (արտագնայում հաղթել են 4:0 հաշվով) մրցելու են ադրբեջանցիների հետ, իսկ ահա Իսրայելի հետ ոչ-ոքի ¥1:1¤ խաղալով, պորտուգալացիներն իրենց դատապարտեցին միջանցիկ խաղի:
Դեռևս նախորդ նյութում ասել էինք, որ E խմբում Ալբանիայի ընտրանու հետ հանդիպումում վաստակելիք մեկ միավորը շվեյցարացիների համար փաստացի կլուծեր Բրազիլիա գնալու հարցը: Շվեյցարացիներն ավելի քան հետևողական եղան առաջադրված խնդրում` հաղթելով 2։1 հաշվով: Խմբի օրվա մյուս խաղերից մեկում` Սլովենիա-Նորվեգիա հանդիպումում, տանտերերը վերջնականապես «թաղեցին» Բրազիլիա գնալու հյուրերի տեսական հնարավորությունը (3:0) և երկրորդ տեղում հայտնվելու համար պայքար են մղում իսլանդացիների հետ, ովքեր նույնպես հաղթական հանդիպում ունեցան (կիպրոսցիներին հաղթել են 2:0 հաշվով):
G խմբում բոսնիացիներն ու հույներն ընթացքում այնպիսի առավելություն էին ապահովել մյուսների նկատմամբ, որ ոչ ոք նրանց չէր կարող խանգարել ցանկալի ուղեգիրը ձեռք գցելու ճանապարհին: Մնում էր առաջին տեղի համար մրցավեճում միավորներ չկորցնել, ինչն էլ արեցին: Առաջինները հաղթեցին լիխտենշտայնցիներին (4:1), իսկ հույները` սլովակցիներին (1:0): Վերջին տուրից առաջ հույների միակ հույսը մնում են լիտվացիները` բոսնիացիներից հնարավոր միավոր կորզելու աղոտ հեռանկարով, այլապես նրանք դատապարտված են միջանցիկ հանդիպում ունենալուն:
1:0 հաշվով հաղթելով լեհերին` H խմբում ուկրաինացիները վերջնականապես թաղեցին Բրազիլիա գնալու նրանց հույսերը, սակայն իրենք էլ չձերբազատվեցին միջանցիկ խաղի հեռանկարից, քանի որ անգլիացիներն ավելի քան վստահ անցկացրին չեռնոգորցիների հետ հանդիպումը (4:1) և շարունակում են նրանցից մեկ միավոր ավելի ունենալ: Իհարկե, ուկրաինացիները դեռևս պահպանում են առանց միջանցիկ խաղի անհրաժեշտության եզրափակչում հայտնվելու հեռանկարը (այսօրվա խաղում նրանց մրցակիցը Սան Մարինոյի թույլ ընտրանին է), սակայն դրա համար անհրաժեշտ է, որ անգլիացիները պարտություն կրեն լեհերից, ովքեր դեռ կփորձեն սեփական երկրպագուին ապացուցել, որ ունակ են «կատու ճղելու»:
I խմբում ուրբաթ օրը միայն մեկ հանդիպում էր, և այդ խաղում աշխարհի ու Եվրոպայի գործող չեմպիոնները 2:1 հաշվով պարտության մատնեցին Բելառուսի ընտրանուն` երեք միավորով առաջ պոկվելով ֆրանսիացիներից, որոնց համար, չեմ կասկածում, վրացիների հետ այսօրվա խաղում գոնե մեկ միավոր վաստակելն անլուծելի խնդիր չէ: Այնպես որ, միջանցիկ հանդիպում անցկացնելը վիճակված է ֆրանսիացիներին:
Ավարտենք: Ինչպես տեսնում եք, եվրոպական դիվիզիոնից այս պահի դրությամբ ուղիղ ճանապարհով Բրազիլիայի ուղեգիր է նվաճել հինգ հավաքական` Իտալիա, Բելգիա, Հոլանդիա, Գերմանիա, Շվեյցարիա: Մյուս չորսը հայտնի կդառնան այսօր, հայտնի կդառնա նաև այն ութնյակը, որից չորսին է վիճակված խաղալ 2014-ին կայանալիք եզրափակչում: Իսկ եթե հիշատակելու լինենք նաև մյուս դիվիզիոններից ուղեգիր ձեռք բերած հավաքականներին, ապա Բրազիլիայում խաղալու իրավունք ձեռք բերածներն արդեն կլինեն տասնչորսը: Հիշատակվածներից զատ, դրանք Արգենտինայի, ԱՄՆ-ի, Կոստա Ռիկայի, Ճապոնիայի, Իրանի, Հարավային Կորեայի, Ավստրալիայի, Կոլումբիայի և Բրազիլիայի ընտրանիներն են: Հիշեցնենք, որ տանտիրոջ իրավունքով վերջինս ազատված էր նախնական փուլի խաղերից:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ